Ապոկալիպտիկ ամառը տարավ՝ ինչ կարողացավ, ինչ տվեցինք ու չպահեցինք մեր անկարողության, թուլության ու հիմարության պատճառով, ապրել աշունը՝ սա է խնդիրը: Հետո՝ ձմեռը, որ ցուրտ է լինելու, խայտառակ շատ ձյուն է գալու, ու մութը սկսվելու է ժամը 6-ին և տևելու մինչև հաջորդ առավոտյան 8-ը: Հետո՝ գարունը, որ ուշ է գալու՝ անձրևներով ու կարկուտներով, միանգամից սկսվող շոգով ու ևս մեկ ապոկալիպտիկ ամառով, երբ 40-ն անցնող սնդիկի սյունը շոգից ալարելու է շարժվել: Այսպես է ընթացքը՝ անցումներով: Մի վիճակից մյուսին, մի հոգեվիճակից մյուսին, մի իրականությունից մյուսին՝ օր առ օր: Իրականում անցնողը կյանքն է: Անցնողը մենք ենք: Ժամանակը գծային չէ, որ մեկնարկում ու իր ընթացքով գնում է՝ մեզ հետ, թե առանց մեզ: Ժամանակը կանգնած է, շարժվողը մենք ենք: Մենք ենք հնարել ժամանակի այս ու այն հատվածներ, պահեր, բաժանել ենք տարիների, օրերի, ժամերի, որ կարողանանք, իբր, հասկանալ ընթացքը, օրինաչափությունները, իմաստը: Շարժվողը ու ժամանակի ընթացքից դժգոհը մենք ենք, մենք ենք ժամանակին տվել աստծո կարգավիճակ, որ նրանից բողոքենք, ապավինենք նրան ու հույսեր կապենք նրա հետ: Վաղը ավելի լավ կլինի, քան այսօր, նույնիսկ եթե երեկ ավելի լավ էր, քան այսօր: Սուտ, որ օգնում է պատասխանատվությունը մեզնից դուրս ու ապրիորի ինչ-որ ուժի վրա գցել: Դա չընդունելու համար մենք պատրաստ ենք ամեն ինչի:
Ամբողջ իրականությունը պարփակված է անցումների մեջ, որոնց սուր անկյունները քերծում են մեր հոգին ու մարմինը, իսկ մենք լիզում ենք վերքերն ու փորձում ոտքի վրա մնալ՝ հավատալով, որ ապրելու ձևը դա է: Մեր անցումները մեզնից պահանջում են ամեն ինչ՝ ի տրիտուր չտալով ոչինչ, բայց պահպանելով կյանքը: Ապրիր ու մի ոռնա, երբ ցավը ծնկի է բերում: Եթե ցավ ես զգում, ուրեմն ողջ ես: Դատարկության հետ պետք չէ հաշտվել, անդունդները դիմադրունակությունը պահպանելու համար են: Նախ՝ ինքդ քեզ, հետո՝ կյանքին, որ խեղդում է: Սա է բանաձևը, եթե կան այլ հավասարումներ, որտեղ լուծումը երջանիկ ավարտ ունի, գտեք ու դարձրեք ձերը:
Աշունը իր երեք պարտադիր հարցերն է դնելու.
1. Իշխանության փոխանցման հարցը:
2. Տնտեսական վիճակի հարցը:
3. Ղարաբաղի հարցը:
Հաջորդականությունը կարևոր չէ, հարցերը փոխկապակցված ու խրված են ենթահարցերի քաոտիկ բազմազանության մեջ: Այս լաբիրինթոսում չկա Արիադնայի կծիկ, չկա մուտք ու ելք, կա միայն պատերը քանդելու տարբերակ: Այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտին վաղուց անհրաժեշտ են փոփոխություններ, որ չեն կատարվել, ստեղծվել է մշուշոտ պատրանք, որ ոչինչ չի փոխվելու: Երբեք: Դա այնքան անհեթեթ է, որ նույնիսկ հերքելն անիմաստ է:
Ռեալ քաղաքականության մեջ իշխանության հարցում գործում են երեք տարբերակներ՝
1. Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ,
2. Կարեն Կարապետյանն է մնում վարչապետ,
3. վարչապետ դառնում է երրորդ անձը:
Որ Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ, կարճ ժամանակից կվկայեն սոցիոլոգիական բոլոր հարցումները, որոնց պատվիրատուն ու կատարողը խնդիր ունեն ոչ թե պարզել, այլ ուղղորդել հասարակական ընկալումները: Իրականության մեջ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը ոչ միայն անխուսափելի չէ, այլև նախադրյալ է, որ առաջիկա տասնամյակում Հայաստանը կշարունակի մնալ տարածաշրջանի ամենախոցելի պետությունը, որտեղ հարցերը կուտակվում ու չեն լուծվում, որտեղ իշխանությունն ինքնանպատակ է և ի վիճակի միայն ընթացիկ կառավարման հարցեր լուծել՝ կենսապահովման: Մնացած հարցերի լուծումները կապված են պետության ինքնիշխանության հետ, Հայաստանն այս ընթացքով նվազեցնում է անկախության հնարավորությունները՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու պատասխանատվությունը մաս-մաս փոխանցելով տարբեր կասկածելի արդյունավետության կառույցների, որոնց անդամակցել է անցած տարիներին:
Հրապարակային դաշտում հայտարարված չէ, որ Սերժ Սարգսյանը նախագահական ժամկետի ավարտից հետո մտադիր է վարչապետ դառնալ, չի էլ հայտարարվելու, արվում ու արվելու են քայլեր, որ այդ տարբերակը մնա միակ տրամաբանականը: Իբր: Հայաստանի իշխանությունը շատ է սիրում, որ իրեն խնդրեն իշխանություն մնալ: Ամռան ավարտին՝ օգոստոսի 23-ին, Սոչիում հանդիպեցին ՀՀ և ՌԴ նախագահները: Առաջին հայացքից՝ սովորական, աշխատանքային հանդիպում էր, իրականում նախագահական ժամկետի ավարտին մոտեցող երկու նախագահների օրակարգում չարձանագրված առանցքային հարցը իշխանության պահպանումն էր, որ ձևակերպված էր քաղաքական բառապաշարին հարիր կետերով: Որպես կանոն՝ պաշտոնական հաղորդագրությունը համարժեք չէ բանակցությունների բովանդակությանը և սպասարկում է հանրային տեղեկատվության պահանջարկը՝ պարտավորված չլինելով խորանալ փոխհարաբերությունների այսբերգում: Նման հանդիպումներից հետո կատարվող իրադարձություններն են բացահայտում պայմանավորվածությունները, լուծված ու չլուծված հարցերի ցանկը, համաձայնությունների ու տարաձայնությունների մակարդակը:
Սոչիի հանդիպումից հետո ընկալվեց, որ Պուտինը հաստատեց Սերժ Սարգսյանի վարչապետ մնալու քարտ բլանշը, ինչու՞ ոչ: Ռուսաստանն առաջիկայում նոր նախագահ չի ունենալու (պատժամիջոցներից իր երկիրը նոր նախագահի ընտրությամբ ձերբազատելու տարբերակը ՌԴ նախագահը նույնիսկ չի քննարկի՝ նա նույնացնում է իրեն երկրի հետ ու խորապես համոզված է, որ միայն ինքն է ի զորու կառավարել Ռուսաստանը, եվրասիական տարածքը, համաշխարհային քաղաքականությունը, նրա ընկալմամբ՝ դա է իր առաքելությունը կյանքում ու աշխարհում), Հայաստանում ևս պետք է փորձառու ու հուսալի մարդ, որ ոչինչ չի անի՝ Ռուսաստանի ու իր դեմ: Բխու՞մ է դա Հայաստանի շահերից, դե՞մ է, ու՞մ է հետաքրքրում: Օգոստոսի 29-ին լրացավ հայ-ռուսական Ռազմավարական դաշնակցության պայմանագրի 20-ամյակը, որ ստորագրել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բորիս Ելցինը: Գործող նախագահները շնորհավորական ուղերձներ փոխանակեցին: Իրականում տեղին էր միայն Սերժ Սարգսյանի շնորհավորանքը: Ոչ 20 տարի առաջ, ոչ հիմա Հայաստանը այդ պայմանագրով ոչինչ չի շահել, եթե չասենք, որ ՀՀ առաջին նախագահն է իր ձեռամբ սկսել Հայաստանի ինքնիշխանության հանձնումը: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կառուցվում են ոչ թե գործակցության, այլ ենթակայության տրամաբանության մեջ, որ ներկայացվել է իբրև ազգային անվտանգության ապահովում: Հակառակ դեպքում կլինեն պատիժներ՝ տնտեսական ու տարածքային, առաջին հերթին՝ իշխանության մասով: Դարավոր բարեկամության միֆը այսօր էլ սնուցվում է՝ շրջանցելով իրականությունը, որ անհնար է բարեկամություն անվանել փոխհարաբերությունը, որտեղ մեկը միշտ շահում է, մյուսը՝ կորցնում: Շահեր, հեռանկարներ, ռիսկեր՝ ոչինչ են «պատմական ավանդույթների» առաջ, իսկ «ավանդույթները» սահմանված են Հայաստանի շահերի և անվտանգության հաշվին խնդիրներ լուծելու ռուսական քաղաքականության շրջանակներում: Ոչինչ, որ Հայաստանը «ավանդույթներին» պատմական տարածքներ զոհեց անցած դարասկզբին ու շարունակում է հատուցել շփման գծում զոհերով ու արտագաղթով: «Ավանդաբար» Ռուսաստանը, որ զինում էր Ադրբեջանին, հիմա էլ զինում է Թուրքիային՝ նպատակ ունենալով պոկել Արևմուտքից ու ՆԱՏՕ-ից: Նաև փորձում է Հայաստանը ներքաշել սիրիական կոալիցիա՝ դարձնելով ահաբեկչության թիրախ, որից «պաշտպանելու» հաջորդ քայլը իր ռազմական ներկայությունն ընդլայնելն է դառնալու՝ «հիմնավոր» փաստարկներով:
Կարեն Կարապետյանի վարչապետ մնալու հեռանկարները նվազում են ոչ միայն Սերժ Սարգսյանի պատճառով: Նախընտրական խոստում-երդումները Հայաստանի տեղը չեն գտնում: Գմփոց չեղավ: Մեդվեդևը Երևան չի գալիս: Միայն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն է փորձում Հայաստանն անկախ ու ինքնիշխան պետություն պահելու ջանքերի շրջանակում նրան մնալու հույս տալ: Զարմանալի է, որ հայկական մամուլում հակաամերիկյան հիստերիա չբարձրացավ դեսպանի հայտարարությունից հետո, անգամ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու Դավիթ Հարությունյանը ալարեցին դեսպանին ասել, որ չմիջամտի անկախ պետության գործերին: Ահա և ձեզ տարբերությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև՝ ըստ հայաստանյան ընկալումների: Հավելեմ, որ ԵՄ-ն, այնուամենայնիվ, իր գինը չի կորցրել. ՀՀ նախագահը հայտարարեց, որ աշնանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը կստորագրվի:
Ընտրությունների արդյունքներով՝ իշխանության ձևավորումը ՀՀԿ-ի ձեռքում է, բայց դա չի նշանակում, որ 2018-ին վարչապետ պարտադիր պետք է դառնա գործող նախագահը: ՀՀԿ-ն պատմական շանս ունի գոնե մեկ անգամ պետության շահերից բխող որոշում կայացնել՝ կանխելով հասարակական դեգրադացիայի, հուսահատության, արտագաղթի, «Իշխանության դեմ խաղ չկա»-ի զարգացումը: Նոր ոգին հնարովի սիմվոլները չեն, ոչ էլ կայունության ու հաջողության երաշխիք է մեկ մարդու անփոփոխ կառավարումը տասնամյակների մեջ: Լուկաշենկոյի, Նազարբաևի, Պուտինի, Ալիևի կերպարները կրկնելը Հայաստանի դեպքը չէ, մենք ունենք խնդիրներ, որոնք փոփոխություններ են պահանջում ոչ թե անորոշ ապագայում, այլ այսօր ու այստեղ:
Տնտեսական վիճակի մասին գրելը նույնիսկ անիմաստ է: Հաջողությունները պոմիդորի ու ծիրանի գծով կենսամակարդակի վրա չեն ներգործում, մնացած հարցերում ԵԱՏՄ-ն ոչ թե համագործակցության կամուրջ է, սպառման շուկա ու արտոնություններ, այլ բեռ, որից ազատվելը տնտեսության դիվերսիֆիկացման ու նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու, իրական անվտանգություն ունենալու ռեալ ճանապարհ է: Հայաստանին պետք է ոչ թե առևտրի ու սպասարկման ոլորտի զարգացում, այլ արդյունաբերության: Վազգեն Սարգսյանից ու Արամ Սարգսյանից հետո ոչ մի վարչապետ արդյունաբերական ներուժի վերագործարկման խնդիր չի դրել՝ մնալով Մոսկվայի պրոկրուստյան մահճում, որ ոչ թե տնտեսության վերականգնումը, այլ էժան աշխատուժի արտահանումն է համարել ձեռնտու՝ տեղում չհանդիպելով դիմադրության:
Ղարաբաղի հարցում ամառային աժիոտաժը կապվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հետ. հեռանալուց առաջ նա հրապարակեց ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերը: Նոր՝ ոչինչ: Մադրիդյան սկզբունքները, որ ենթադրում են հակամարտության կարգավորում փուլային տարբերակով՝ «տարածքներ՝ հանրաքվեի դիմաց» սկզբունքով: Կարգավորման առաջին փուլում վերացվում են պատերազմի հետևանքները, ստեղծվում են վստահության մեխանիզմներ, հետո՝ անդրադարձ Արցախի վերջնական կարգավիճակին: «Իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ» Արցախի անկախություն ենթադրող միջանկյալ կարգավիճակների դիմաց հայկական կողմին առաջարկվում է Բաքվին վերադարձնել «գրավված տարածքները»՝ 6 շրջանները, Հայաստանն ու Արցախը կապվելու են ոչ թե ցամաքային սահմանով, այլ «միջանցքով», որը «պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումներ ապահովելու համար»։ Սակայն ոչ Լաչինի ամբողջ շրջանը: Կարգավորման հիմնական կետերից վերջինը՝ անվտանգության միջազգային երաշխիքներն են: Փաստացի՝ դարձ ի շրջանս, որ համարժեք չէ ոչ իրավիճակին, ոչ հեռանկարներին: Մինսկի խմբում Ռիչարդ Հոգլանդին փոխարինած Էնդրյու Շեֆերից փոփոխություն պետք չէ սպասել, նշանակում է՝ բանակցությունները բանակցելու պայմանների մասին շարունակվելու են: Մադրիդյան սկզբունքները սպառել են իրենց, իրավիճակ է փոխվել, որը համարժեք արձագանք է պահանջում բոլորից, իսկ դա ինքնորոշման իրավունքն է՝ այս գաղափարը պետք է դառնա Ղարաբաղի հարցի լուծման առանցք: Իր խաղաղապահներին Ղարաբաղում տեսնելու երազը Կրեմլը պետք է մոռանա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իրական անցումը կյանքից մահ է, մնացածը բառեր են, բայց դա հասկանալու համար երբեմն ամբողջ կյանքը չի հերիքում: